Wednesday, October 8, 2008

Ազգայնականություն

Դասախոսություն 3
Ազգայնականությունը կոմպլեքս սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է: Լատիներեն նացիո հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից Ռոմանտիկ ազգայնականության շրջանակներում: Այդուհանդերձ ժամանակակից ազգայնականությունը գաղափարախոսական արմատներով գնում է թե դեպի Լուսավորչականության և թե դեպի ռոմնատիցիզմի դարաշրջանը: Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում: Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով: Գիտնականները ինչպիսիք են Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնտոնի Սմիթը հակված են թե տիպաբանական և թե ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների: Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության` մինչև ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում ինչի արդյունքում ունենք պրեմոդերնիստական և մոդերնիստական տեսություններ: Տարբերություններ կարելի է գտնել նաև ազգայնականության բացատրությունների մեջ օրինակ` դրդապատճառների և այն պայմանների, որոնք նախորդում են ազգայնական պահանջների ի հայտ գալուն: Ազգայնականության էության վերաբերյալ կոնսենսուսի բացակայությունից զատ կան նաև խնդիրներ տարբերակելու երևույթի վերաբերյալ գաղափարախոսական և վերլուծական մոտեցումները:
Քաղաքական սահմանումները ազգայնականությունը ներկայացնում են որպես քաղաքական հայեցակարգ (doctrine) և շարժում, որը կենտրոնանում է պետության վրա: Համաձայն այս սահմանումների ազգայնականությունը պահանջ է ըստ որի կառավարողները և կառավարվողները պետք է կամ մշակույթով կամ քաղաքականապես նույնական լինեն.
Կառավարողի և կառավարվողի մշակութային ընդհանրություները կարող են ընդգրկել հետևյալ կետերը
• 1. Ազգային պետության ձևավորում կամ պահպանություն ինչը ենթադրում է կամ ազգ կոչվող մշակութային համայնքների, որոնք արդեն ունեն պետականություն և դիմակայում են արտաքին վտանգներին, քաղաքական անկախության պահպանություն կամ պետականության ստեղծում այն ազգերի կողմից, որոնք գտնվում են բազմազգ պետությունների գերիշխող, ավելի հզոր ազգերի տիրապետության տակ: Այսպիսով ազգայնական շարժումները կարող են ներառել դիմադրություն օտար ուժին կամ ձգտում ինքնակառավարման կամ ինքնորոշման` ապահովելու ազգի ֆիզիկական և մշակութային հարատևությունը: Այս բնույթի քաղաքական ազգայնականությունը ազգային պետությունը, որի հիմքում ընկած է <<մեկ ազգ մեկ պետություն>> սկզբունքը, համարում է մարդկային քաղաքական կազմակերպման ամենաիդելական ձևը: Ազգայնականությունը այս առումով անկախական շարժում է և ինչ որ չափով նաև ազատական շարժում: Պետականության այս տեսլականի հիմնական ներկայացուցիչը ինչպես նաև քննադատը Էլի Կեդորին է (Elie Kedourie): Կեդորիի Kedourie (1960) համար ազգայնականությունը Գերմանական լուսավորչականությունից և Ռոմանտիկ փիլիսոփայությունից, հատկապես Կանտից, Հերդերից և Ֆիխտեից փոխառնված ինքնակառավարման հայեցակարգ է:
• 2. Պետության կողմից իրականացվող բնակչության մշակութային հոմոգենիզացիա: Այս դեպքում պետությունը իր վրա վերցնում է նոր` մշակութային դեր: Պետությունը այժմ դառնում է ժողովրդի կրթող և մշակույթի պահապան: Այն ստեղծում է ազգը: Պետության կողմից իրականացվող մշակութային հոմոգենիզացիան, կամ այլ կերպ ասած ազգայնականացումը կարող է ներառել, առաջին` պետության կողմից հովանավորվող դպրոցների ստեղծում, ուր ուսանելը պարտադիր է բոլորի համար, և երկրորդ նախապես առկա մշակութային տարրերի ստանդարտիզացում, հատկապես լեզվի առումով, պետության կողմից հովանավորվող ազգային ակադեմիական շրջանակների միջոցով, որոնք կուղորդեն պետական հանրակրթական հաստատությունները: Լեզվի ստանդարտիզացիան առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում Լուիս տասչորսերորդի կողմից 1635 թվին Ֆրանսիական Ակադեմիան հիմնելուց հետո չնայած այն փաստին, որ դրա կրողը ազնվականության սակավաթիվ կրթված զանգվածն էր: Պետության կողմից տարվող մշակութային հոմոգենիացիան կարող է ունենալ այնպիսի դրական արդյունքներ ինչպես պերիֆերիայի մասսայական բնակչության ընդգրկումը կենտրոնի շրջանակներում, որպես ամբողջի հավասարազոր բաղկացուցիչ: Այսպիսով համաձայն Էուգեն Վեբերի հայտնի խոսքի գյուղացին դառնում է ֆրանսիացի: Այս գործընթացը բերում է նաև ընդհանուր մշակույթի ստեղծմանը կյանքի բոլոր որոլրտներում և բնակչության բոլոր շերտերում հասարակ գյուղացու պերիֆերիալ մշակույթը միախառնելով բարձր դասի ժամանակակից մշակութային նկրտումներին: Այս գործընթացը օգնում է հասնելու միասնականության` ընդհանուր գաղափարների և նպատակների սահմանմամբ: Հոմոգենիզացիայի պահանջը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ: Առաջին հերթին կոնֆլիկտ ազգային մշակույթի էության վերաբերյալ, երկրորդ` մշակութային նույնության հիմքով պարտադրված համերաշխություն, երրորդ` մշակութային փոքրամասնությունների էթնիկ զտումներ, չորրորդ` մշակութային փոքրամասնությունների ստիպողական ուծացում և հինգորորդ` անձնական ազատությունների սահմանափակում կամ վերացում պետական ճնշման տակ:
Այն գիտնականների թվում որոնք ազգայնականությունը դիտարկում են որպես պետության կողմից նախաձեռնվող մշակութային հոմոգենիզացիա Եռնեստ Գելլները հավանաբար ամենախորաթափանցն է: Gellner (1983) Գելների համար պետության բնակչության մշակութային հոմոգենիզացիան հատկապես շաղկապված է ժամանակակից պետությունների հետ և հեռու է ավելի վաղ տեղ գտած պարտադրված կրոնական հոմոգենիզացիայից: Պետությունների կողմից բնակչության ժամանակակից ազգայնականացումը կամ ազգակերտման գործընթացը առանձնահատուկ է իր նպատակներով, միջոցներով և բնույթով: Նպատակը տնտեսական աճն ու համընդհանուր բարեկեցությունն է, միջոցները` ամբողջ բնակչության կրթումն է ժամանակակից գիտական գիտելիքի և տրամաբանության շրջանակներում ինչը արվում է պետական դպրոցներում և համալսարաններում սոցիալիզացիայի միջոցով: Սա է պետության կողմից հովանավորվող գիտական մշակույթը, որը և ձևավորում է ժամանակակից բարձր մշակույթը: Դրա անիվն է տվյալ տարածքին ներհատուկ խոսքի տեսակը, որի ստանդարտացված տարբերակը դառնում է պետական լեզու: Եվ հենց այս մայրենի լեզուն է մասնավորեցնում այն ինչը այլ պարագայում կլիներ ունիվերսալ քաղաքակրթություն: Գելլները կարևորում է թե կրթության և թե գրագիտության դերը քանի որ հատկապես լեզվի իմացությունն է, որ հնարավորություն է տալիս օգտվելու ժամանակակից քաղաքակրթության բարիքներից: Տնտեսական այս ուղենիշերով քաղաքակրթությունը հանգում է առաջին հերթին գիտական գիտելիքի ներդրմանը արդյունաբերական արտադրության տեխնոլոգիանրի մեջ և երկրորդ տեղեկատվության միջոցով մանիպուլյացիաներին ինչը տարածվում է կրթամակարդակի բարձրացմամբ և տեղեկատվական տեխնոլոգիաների ներխուժմամբ մարդու աշխատանքի մեջ:
Կառավարողի և կառավարվողի քաղաքական ընդհանրությունը ընդգրկում է քաղաքական հոմոգենիզացիան. ներկայացուցչական մարմինների միջոցով պետության բոլոր բնակիչների հավասար մասնակցությունը քաղաքական գործընթացներում ինչը ենթադրում է կարավարողի և կառավարվողի միչև տարբերության վերացում <<դեմոս>>-ի քաղաքացիական իրավունքների ճանաչմամբ: Ազգայնականությունը պահանջում է ժողովրդի իշխանություն հաշվի առնելով կամ հաշվի չառնելով քաղաքացի լինելու կամ դառնալու մշակութային սահմանափակումները: Էռնեստ Ռենանը և Դոմինիկ Շնեպեռը պատկանում են այն գիտնականների թվին, որոնք ազգայնականությունը համարում են որպես հիմնականում դեմոկրատական շարժում միտված աշխարհագրորեն առանձնացված քաղաքացիների համայնքներ ստեղծելուն:

Ազգայնականության մշակութային սահմանումները ընդգծում են ազգային ծրագրի մշակութային և հատկապես ավանդական կողմերը: Նրանք ազգայնականությունը ներկայացնում են որպես մի շարժում, որը քարոզում է համայնքի ավանդական մշակույթի վերածնունդը հատկապես այն էթնիկ համայնքի որկեդարը որում տվյալ շարժման ներկայացուցիչները ծնվել են: Որպես այդպիսին ազգայնականությունը կրթական շարժում է ուղված ներքին բարեփոխումներին: Այն անհատին և խմբին տալիս է խմբային ինքնություն ընդհանուր ծագման զգացում և արժեքային համակարգ: Ազգայնականությունը քարոզում է և պաշտպանում անհատի կամ խմբի նույնացումը իր էթնիկ արմատներին, ֆիզիկական տիպին, լեզվին, տարածքին, պատմությանը, լեգենդներին, սիմվոլներին և ավանդույթներին, կամ ավելի հակիրճ ձևակերպմամբ իր ծնողների և նախնիների ապրելակերպին: Համաձայն Մաքս Վեբերի մշակութային վերը նշված ռեսուրսների պահպանությունը և վերածնունդը որպես մշակութային անփոխարինելի արժեքներ ձևավորում են ազգայնականության այս տեսակը:
Այս արժեքները կարող են լինել ցածր (ժողովրդական) կամ բարձր (վերնախավի) մշակույթի մաս կամ նույնիսկ քաղաքակրթության: Ազգայնականության այս կոնցեպցիան ընդգծում է ինտելեկտուալների և արվեստագետների դերը էթնիկ մշակույթի հաստատման, համապատասխանեցման և փոխանցման ընթացքում: Ազգայնականության մշակութային նման ըմբռնումը նվազեցնում է անկախ պետականության դերը ազգայնական շարժումներում: Փաստորեն պետականության ձեռքբերումը համայնքի ինքնարտահայտման պահանջի իրացման, այն է պահպանել իր մշակույթը և աշխարհայացքը (Weltanschauung), հնարավոր ձևերից միայն մեկն է: Եվ իսկապես նման ձևակերպմամբ ազգայնականությունը կարող է ի հայտ գալ թե մշակութային համայնքների ներսում թե մի ազգի ներսում որը արդեն ունի պետականություն: Ազգայնականության այս բացատրության հետ են կապված Հերդերի և Ջոն Հատչիսոնի անունները:
Ազգայնականության թե քաղաքական թե մշակութային սահմանումները ճանաչում են պետականության ստեղծման և մշակութային վերածննդի ազգայնական պահանջների համայնքաստեղծ դերը: Ազգայնականությունը նրանք ընդունում են որպես մի կողմից սոցիալական ընտրության մյուս կողմից միասնականության և համերաշխության աղբյուր: Այսպիսով ազգայնականությունը առաջարկում է համակեցության (commensality), միավորման (connubium) և շփման (commercium) ինչպես նաև քաղաքական լոյալության չափանիշներ մշակութային ընդհանրություն և/կամ ազատություններ: Որպես այդպիսին այն մարդկության համախմբության պարտիկուլարիստական սկզբունք է ինչը ենթադրում է անմնացորդ նվիրում ընդունված սկզբունքներին: Այն քարոզում է կապվածություն և պարտավորվածություն կամ պետության և քաղաքացիների նկատմամբ, որոնք օրենքի ուժով երաշխավորում են անձի ազատությունները և կենսակերպը կամ ծննդավայր հանդիսացող համայնքի նկատմամբ ( էթնոմշակութային համայնք), որը ներկայացվում է որպես ընդլայնված ընտանիք:
Որոշ գիտնականներ առաջին հերթին Իսա Բեռլինը ինչպես նաև Գելլները և Լիա Գրինֆիլդը ազգայնական շարժումները ընկալում են որպես պայքար ստատուսի կամ հեղինակության համար: Berlin (1998) Մասնավորապես Բեռլինը ազգայնականությունը սահմանում է որպես շարժում ճանաչման (Annerkenung) համար: Ազգայնականությունը պահանջում է որևէ մշակութային համայնքի կամ որևէ կոլեկտիվ ինքնության իրավահավասարության ճանաչում այլ մշակույթների կամ համայնքների համեմատությամբ: Այս ճանաչմանը կարելի է հասնել առաջին հերթին մշակույթային համայնքի` իր հայրենիքի նկատմամբ սուվերենության ճանաչմամբ կամ նախապես ճնշված մշակույթի վերահստատմամբ: Գրինֆլիդը Greenfeld (1992) նույնպես պնդում է, որ ընդվզումը (ressentiment) գերակա բռնատիրական մշակույթի դեմ ազգայնականության հիմնական պատճառն է:
Ազգայնականության քաղաքական կամ պետականակենտրոն բացատրությունները այն ներկայացնում են որպես ժամանակակից երևույթ կապված ժամանակակից պետության յուրահատկությունների հետ մինչդեռ մշակութային բացատրությունները ընդգծում են ժամանակակից ազգերի մշակութային և սոցիալական փոխկապվածությունը պրեմոդեռն հասարակությունների հետ: Ազգայնականության ավելի ներառական բացատրությունները ընդգծում են հանուն ազգի շարժումների կոմպլեքսային և փոփոխական բնույթը: Ազգայնականության Էնտոնի Սմիթի բացատրությունը հավանաբար ամենահամապարպակն է: Ազգայնականությունը գաղափարախոսական շարժում է բնակչության անունից, որի որոշ անդամների կողմից այն համարվում է ազգ, կոչված` ձեռք բերելու և պահպանելու առաջինը քաղաքական և տնտեսական ինքնավարություն (կամ անկախություն) և քաղաքացիական իրավունքներ, երկրորդը` էթնոմշակույթային ինքնություն և երրորդ սոցիալական միասնություն:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգայնականության կատկապես երկու տիպաբանություններ ավելի ազդեցիկ են դառնում: Հանս Կոհնը և Կառլտոնը Հեյեսը ընդունում են տարբեր տիպի ազգայնականությունների գոյությունը և տարանջատում քաղաքական և մշակութային տեսաբաններին: Կոհնը Kohn (1961 [1944]) առանձնացնում է արևելյան և արևմտյան (Ռեյն գետից արևելք և արևմուտք) Եվրոպական ազգայնականություններ: Կոհնի երկու տիպի ազգայնականությունները այժմ կոչվում են քաղաքացիական և էթնիկ ազգայնականություններ որոնք իրենց կիրառումն ու տարածումն են գտել Եվրոպական հասարակություններից դուրս Ասիայում և Աֆրիկայում: Արևմտաեվրոպական տիպի քաղաքացիական ազգայնականությունները ոգեշնչված են քաղաքական, ժողովրդավարական, ռացիոնալ ինչպես նաև Լուսավորչականության և Ֆրանսիական հեղափոխության դասական արժեքներով` (liberté, égalité, fraternité) ազատություն, հավասարություն և եղբայրություն: Արևելաեվրոպական տիպի էթնիկ ազգայնականություները լեցուն են ավանդականությամբ, միստիցիզմով, պատմականությամբ և Ռոմանտիցիզմի ֆոլկլորիզմով: Հեյեսը Hayes (1960) տարբերակում էր քաղաքական և մշակութային ազգայնականությունները: Առաջինը նշանակում է մշակույթային խմբի կամ ազգի ձգտում ստեղծելու պետություն իսկ երկրորդը երբ ազգությունը պահպանում է գովաբանում է իր լեզուն և մշակույթը առանց քաղաքական հեռանկարների:
Ազգայնականության դրսևորումներին բազմաթիվ բացատրություններ են տրվում: Ինչպես բացատրությունների դեպքում այնպես ել ազգայնականության պատճառների վերաբերյալ քննարկումները նույնպես կարելի է բաժանել մոդեռնիստականի և պրեմոդեռնիստականի:
Մոդեռնիստական քննարկումները իրենց հերթին կարող են լինել կամ համակարգային ֆունկցիոնալիստական կամ ինստրումենտալիստական: Առաջին դեպքում համարվում է, որ ժամանակակից համակարգերը ազգայնականության պահանջ ունեն իսկ ինստրումենտալիստական բացատրությունները պնդում են որ ազգայնական շարժումների առաջնորդների մտքերում կան անտեսանելի մղումներ: Նրանք մասնավորապես ազգի անունից մարտահրավեր են նետում առկա մշակութային մոտեցումներին դրանով քողարկելով իրենց քաղաքական և տնտեսական հեռահար նպատակները: Ներկայումս թե քաղաքականությունը, թե տնտեսությունը և թե մշակույթը կարող են անհրաժեշտություն ունենալ կամ օգուտներ քաղել ազգայնականությունից:
• Քաղաքական: Չարլզ Տիլլի և Ջոն Բռուլիի Breuilly (1982) կարծիքով ժամանակակից ցենտրալիստ, սուվերեն և միլիտարիստական պետությունը պահանջում է լեզվամշակութային հոմոգենություն համալրելու համար իր ընդարձակ բյուրոկրատական վարչարարական մեքենան և կազմակերպելու համար արհեստավրժ անձնակազմի կողմից կառավարվող ռացիոնալ և գիտատար բանակ: Պոլ Բրասսի Brass (1991) կարծիքով ժամանակակից ժողովրդավարություններում վերնախավերը օգտագործում են ժողովրդական զանգվածներին այլ վերնախավերի հետ պայքարում դիրքեր գրավելու համար: Զանգվածները հակված են օգնելու նրանց ովքեր հուզական ելույթներ են ունենում ընդհանուր ծագման, արժեքների կամ հատկապես կրոնի մասին: Ազգայնական վերնախավերը քողարկում են իրենց իրական նպատակը այն է իշխանությանն փնտրտուք:
• Տնտեսական: Համաձայն Գելլների Gellner (1983) տնտեսական աճից կախված ժամանակակից արդյունաբերական հասարակությունը պահանջում է ազգայնականություն հավասարաչափ գրագետ և գիտական հենքով կրթված աշխատուժի առումով որին կարելի է առանց որևէ հաղորդակցման կամ շփման հետ կապված խնդիրների տեղափոխել երկրի սահմանների ներսում: Արդյունաբերական հեղափոխության մեծագույն գիտնականները, գյուտարարները և գործարարները չէին գիտակցում ինչ են անում. նրանք ազգայնականության համար կենսական նշանակություն ունեցող հոմոգենության համար պարարտ հող էին նախապատրաստում: Այսպիսով Գելլների համար ազգայնականությունը շարժում է բարեկեցության համար սոցիամշակույթային մոդեռնիզացիայի և հոմոգենիզացիայի միջոցով: Այն հին մշակույթը չի որ քարոզում է այլ նոր, գիտական մշակույթը, որը հասանելի է դառնում լեզվին տիրապետելու դեպքում: Արդյունքում լոյալ բնակչությունը դառնում է ազգ քանի որ լեզուն պայմանավորում է աշխատունակությունը: Ազգայնականության մեկ այլ տնտեսական դրդապատճառ նկարագրվում է Էրիկ Հոբսբամը Hobsbawm (1990; Hobsbawm & Ranger 1983): Հոբսբամը գտնում է որ նոր բուրժուական կապիտալիստական հասարակությունը, որը բաժանված է մրցակցող դասային շահերով և եկամտի կուտակման համար պահանջում է շահագործում, նույնպես կարևորում է համերաշխությունը բանվորների և արտադրության միջոցների կապիտալիստ տերերի միջև: Այդ իսկ պատճառով բուրժուական ինտելեկտուալները հայտնագործել և պրոպագանդել են երկու դասերի միջև առկա ընդհանուր էթնոմշակույթային ինքնության և պատմության մասին գաղափարախոսությունը: Այս հիմքով նրանք պահանջում են ազգային համերաշխություն` համագործակցություն և բարիդրացիություն բարեկամական կապերով կապված հասարակության անդամների միջև: Այսպիսով ազգային ինքնությունը և ազգային համերաշխությունը շահագործելու համար արված հայտնագործություններ են, մտացածին գիտակցություն, միտված փոխելու դասային ինքնության և համերաշխության իրականությույնը:
• Մշակութային: Համաձայն Կեդորիի Kedourie (1960), ազգայնականության հիմքում ընկած է տեղահանության և համայնքի կորստի զգացումը պայմանավորված ժամանակակից ուրբանիզացիայով և սառը գիտական մտքի տրիումֆով: Ազգայնականությունը հայեցակարգ է մշակված օտարված ինտելեկտուալների կողմից մի տեսակ նեոտրայբալիզմ, ցեղային գիտակցություն: Ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու միջոց նախ վերադարձ դեպի տաքուկ ծննդավայր` պրեմոդեռն ժամանակների գյուղ, ապա ավանդական մշակույթի իրողությունների անվերապահ ընդունում: Ազգայնականությունը էթնիկ մշակույթը և համայնքը ներկայացնում է որպես մարդկային գոյության բնական և իրական նախապայման:
Այս մոտեցման մեկ այլ տարբերակ է առաջարկում Բենեդիկտ Անդրոսոնը Anderson (1983) առաջ քաշելով հարաբերականորեն երկարաժամկետ մոդեռնիզացիայի և ազգային զարգացման մոդելը: Նախկինում կրոնական և տնտեսական պայմանները, հատկապես Բողոքականության և տպագիր կապիտալիզմի պարագայում, պահանջում էին ժողովրդկան զանգվածների լեզվի միատարություն և գրագիտույուն մասամբ կրոնական պատճառներով, Աստծու խոսքին ուղղակի առնչվելու առումով և մասամբ ել տնտեսական եկամտի նկատառումներով, ինչքան ավելի շատ մարդ կարդալ իմանա այնքան ավելի մեծ քանակով գրքեր կվաճառվեն: Ավելի ուշ շրջանում երբ կրոնական համայնքը փոխարինվեց լեզվական համայնքով, որպես նոր մտացածին համայնք “imagined community” որը հնարավոր դարձավ թերթերի և գրականության միջոցով շփման շնորհիվ:
Հակամոդեռնիստական բացատրությունները չորս հիմնական տիպի են: Սոցիոկենսաբանական, պրիմորդիալիստական, պեռենիալիստական և էթնոսիմվոլիստական:
• Սոցիոկենսաբան Պիեռ վան դեն Բեռգեն պնդում է որ ազգայնականությունը կենսաբանորեն պայմանավորված սոցիալական շարժում է, որը պահանջում է համերաշխություն մշակութապես նման անհատների միջև: Ազգայնականությունը կենսաբանական խթանի` նմանի ընտրության իրացումն է կամ հիմնավորումը: Նմանի ընտրությունը ապահովում է տիպի գենետիկական հարատևությունը գենետիկորեն համարժեք անհատների խաչասերման միջոցով: Ազգայնականությունը գիտակցված Դարվինիզմն է:
• Պրիմորդիալիստներ Էդվարդ Շիլսը Shils (1957) և Ստիվեն Գրոսբին Grosby (1994) ազգայնականության արմատները տեսնում են կոնկրետ տարածքում կամ համայնքում ծնված լինելու հանգամանքում: Մարդկային էակները բնականորեն կապված են առաջնային կենսատու ուժերին ինչպիսիք են ընտանիքը և ծննդավայրը: Մարդկային էակները էթնիկ կապվածությունը հակված են համալրելու ի վերուստ տրված, կենսական և հիմնարար սոցիալական կապ: Ի տարբերություն սոցիոկենսաբանների պրիմորդիալիստները ազգայնականությունը դիտում են որպես հուզական զգացում, պարտավորվածություն և սեր մարդու կյանքի աղբյուրի` ընտանիքի, հողի և այլ մարդկանց նկատմամբ, որոնք կապված են նույն մշակույթով և տարածական կապերով: Նմանապես Վոլկեր Կոննորը Connor (1994) ընդգծում է ազգայնականության զգացմունքային հիմքը, ինչը նա անվանում է էթնոնացիոնալիզմ:
• Պերենիալիստները ինչպես Ջոն Արմստրոնգը Armstrong (1982) ազգերը դիտարկում են որպես պրեմոդեռն էթնոմշակութային սոցիալական խմբավորումներ ձևավորված երկար ժամանակահատվածի ընթացքում, խմբային փորձի, սիմվոլների, միֆերի կուտակման և այլ ազգերի հետ բախումների ընթացքում: Ազգայնականությունը այնուամենայնիվ, որպես երբեմն ֆանատիկ և ագրեսիվ գաղափարախոսություն, որը տարածվում է վերնախավերի կողմից մոբիլիզացնելու ազգերը այլ ազգերի հետ պայքարելու նպատակով, նոր երևույթ է: Ազգայնական վերնախավերը ուշադիր կերպով ուսումնասիրում են ժողովրդական հավատալիքները կամ սիմվոլները մոբիլիզացնելու համար իրենց ընտրազանգվածը դիրք, տարածք կամ այլ նյութական բարիքներ ստանալու նպատակով:
• Էթնոսիմվոլիստները ինչպես Էնտոնի Սմիթը Smith (1986) և Ջոն Հատչիսոնը Hutchinson (1987) ոչ մոդեռնիստ են ոչ էլ հակամոդեռնիստ թեև կարող են համարվել բավարար մոդեռնիստներ: Այս տեսաբանները ժամանակակից ազգայնականությունը բացատրում են նախ մոդեռն տերմինաբանությամբ, որպես նոր հայեցակարգ կամ գաղափարախոսություն ուղված հանուն ազգի սահմանված նպատակների իրականացմանը և հետո որպես պատասխան ժամանակակից աշխարհի սոցիալապես և բարոյապես քայքայիչ երևույթներին: Հաշվի առնելով մոդեռն ժամանակահատվածի եռակի հեղափոխությունները` ժողովրդավարության համաշխարհային տարածումը, գիտական մշակույթի աշխարհիկացումը և արդյունաբերական կապիտալիստական տնտեսության հզորացումը ազգայնականությունը չի կարող մոդեռնի նեոտրադիցիոնալ ժխտում լինել ավելի շուտ այն ուղորդման միջոց է օգտվելու մոդեռնի առավելություններից և փոխհատուցելու թերությունները: Նախ ընտրովի վերականգնելով և ընդգծելով ազգի անցյալի այն կենսափորձը, որը նմանություններ ունի մոդեռնի հետ հատկապես այն հատվածը երբ ազգը բաց էր նորարարություների, փոփոխություների այլ ազգերի հետ շփումների համար դրանով լեգիտիմացնելով փոփոխությունը ներսից և հետո վերահաստատելով բարոյականությունը համայնքի ներսում ինչը անկում էր ապրել մոդեռնի ազդեցության տակ: Էթնիկ մշակույթը մարդկային պատկանելության և փոխգործողության բազմաթիվ օրինակներ է տալիս ներառյալ կրոնական սկզբունքներ և էթնոմշակութային կապեր նաև կայունացնում է մոդեռն անհատներին որոնք ապրում են գիտակից դարաշրջանում: Հետևաբար այս տեսաբանների համար ազգայնականությունը մեկտեղում է պատմությունը և ներկան և վերջինիս հաջողությունը պայմանավորում են անցյալի անընդհատությամբ, մշակույթային ինքնությունների ճկունությամբ այլ ոչ ֆիքսվածությամբ և մարդկության ցանկությամբ ապրելու մի համայնքում որը ունի պատմություն այլ ոչ թե ստեղծվել է ex nihilo (ստեղծված ոչնչից) 1789 թվին ինչպես պնդում են մոդեռնիստները:
Կոմունիզմի անկումը որը սկսվեց Բեռլինի պատի վերացմամբ 1989 թվին և Եվրամիության երկրների կապերի աննախադեպ սերտացումը ինչը հաջորդեց 1992 թվին կնքված Մաաստրիխտի Համաձայնագրին բերեցին երկու իրար հակասող տենդենցների ի հայտ գալուն` ազգայնականության վերածննդի և անհատի ազգային պատկանելության թուլացման: Վերջինս պայմանավորված էր բազմամշակութային քաղաքականության տարածմամբ համաշխարհային մակարդակով ուղորդված Միացյալ Ազգերի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրով: Երկու միտումներն ել չնայած գլոբալիզացիոն ուժերի առկայության ընդունում են էթնոմշակութային ավանդույթների և համայնքների կարևորությունը քսանմեկերորդ դարում:

Anderson, B. (1983) Imagined Communities . New Verso , London.
Armstrong, J. A. (1982) Nations Before Nationalism . University of North Carolina Press , Chapel Hill.
Berlin, I. (1998) The Proper Study of Mankind . Farrar , Straus, & Giroux, New York.
Brass, P. R. (1991) Ethnicity and Nationalism: Theory and Comparison . Sage , London.
Breuilly, J. (1982) Nationalism and the State . Manchester University Press , Manchester.
Connor, W. (1994) Ethnonationalism: The Quest for Understanding . Princeton University Press , Princeton.
Gellner, E. (1983) Nations and Nationalism . Blackwell , Oxford.
Greenfeld, L. (1992) Nationalism: Five Roads to Modernity . Harvard University Press , Cambridge, MA.
Grosby, S. (1994) The Verdict of History: The Inexpungeable Ties of Primordiality . Ethnic and Racial Studies (17) : 164 71.
Hayes, C. J. H. (1960) Nationalism: A Religion . Macmillan , New York.
Hobsbawm, E. (1990) Nations and Nationalism since 1780: Programme, Myth, Reality . Cambridge University Press , Cambridge.
Hobsbawm, E. & Ranger, T. (Eds.) (1983) The Invention of Tradition . Cambridge University Press , Cambridge.
Hutchinson, J. (1987) The Dynamics of Cultural Nationalism . Allen & Unwin , London.
Kedourie, E. (1960) Nationalism . Hutchinson , London.
Kohn, H. (1961 [1944]) The Idea of Nationalism . Collier-Macmillan , New York.
Schnapper, D. (1998) Community of Citizens . Transaction , New Brunswick.
Shils, E. (1957) Primordial, Personal, Sacred and Civil Ties . British Journal of Sociology (8) : 130 45.
Smith, A. D. (1986) The Ethnic Origins of Nations . Blackwell , Oxford.
Tilly, C. (Ed.) (1975) The Formation of National States in Western Europe . Princeton University Press , Princeton.
Van den Berghe, P. L. (1987) The Ethnic Phenomenon . Praeger , New York.

No comments: